Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ե՞րբ կկարգավորվեն Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները

Ե՞րբ կկարգավորվեն Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները
11.10.2017 | 11:30

ԽՍՀՄ-ի փլուզումից 26 տարի է անցել: Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հետխորհրդային բոլոր անկախ պետությունների հետ ու զարգացրել է կապերը: Բայց Հայաստանի հետ մենք նախկինի նման դիվանագիտական հարաբերություններ չունենք, ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ: Հոկտեմբերի 10-ին լրանում է 2009-ին Ցյուրիխում Թուրքիայի ու Հայաստանի միջև երկու արձանագրությունների ստորագրման 8 տարին: Երկկողմ արձանագրությունները, որ ի հայտ եկան Շվեյցարիայի գործուն մասնակցությամբ 2008-ին ու 2009-ին հետևողականորեն անցկացված հանդիպումների արդյունքում, նախատեսում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու բարիդրացիական հարաբերությունների զարգացում Թուրքիայի ու Հայաստանի միջև։ Այդ նպատակի համար երկու երկրների խորհրդարանները պետք է վավերացնեին և ուժի մեջ դնեին ցյուրիխյան արձանագրությունները: Բայց դա տեղի չունեցավ:


Թուրք-հայկական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը` կարևորագույն երկու հարցերը Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության տեսակետից, Թուրքիան դիտարկում էր գործընթացներ, որ պիտի զուգահեռ լինեն իրար` երկու կողմերի աջակցությամբ: Եթե ամեն ինչ այդպես շարունակվեր, հարցերից ամեն մեկում հնարավոր էր առաջընթացի հասնել:
Բայց երբ Թուրքիան սկսեց պնդել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը կամ այդ ուղղությամբ անպայման առաջընթացը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է, դա փոխեց իրավիճակը: Հայաստանը, որ մինչ այդ կարծում էր` Թուրքիան իրոք ցանկանում է հարաբերությունների կարգավորում ու այդ նպատակով է սկսել մինչև ցյուրիխյան արձանագրությունների հասած գործընթացը, այդ պայմանների առաջադրումից հետո դադարեց հավատալ Թուրքիայի անկեղծությանը:


Թուրքիան արտաքին քաղաքականության մեջ առաջին անգամ չի բախվում հավատի կորստին: Թուրքիային, որ նախկինում էլ կորցրել է դաշնակիցների կամ տարածաշրջանային հարևանների վստահությունը, անկեղծ ասած, համարյա չի հետաքրքրում, որ Հայաստանը համալրել է այդ հարևանների շարքերը: Իսկ Հարավային Կովկասում կարևոր տարածաշրջանային խաղացող դառնալու շանսը ակնթարթում անհետացավ:
Արձանագրությունների ստորագրման գործընթացներում Հայաստանը ենթակվում էր որոշակի ներքաղաքական ուժերի ու սփյուռքի ճնշմանը: Բայց երբ Թուրքիան 2009-ի հոկտեմբերի 10-ին արձանագրությունները ստորագրելուց հետո նախապայմաններ դրեց, ինչ-որ իմաստով Հայաստանը հնարավորություն ստացավ ազատվել այդ ճնշումից: Հայաստանը, հասկացնելով, որ չի վավերացնի երկկողմ արձանագրությունները, քանի դեռ Թուրքիան չի վավերացրել, կարողացավ մեղադրել Թուրքիային կարգավորման գործընթացը խոչընդոտելու մեջ: 2015-ի փետրվարին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արխիվի փոշոտ դարակներում կորած պայմանագրերը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հետ կանչեց խորհրդարանից:


Սերժ Սարգսյանի ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում թուրք-հայկական հարաբերությունները, որ ոչ մի կերպ չեն կարողանում առաջ շարժվել, տարավ նոր, առավել անհույս փուլ: Սերժ Սարգսյանն ասաց. «Թուրքիան սխալվում է, եթե կարծում է, որ կարող է անվերջ պատանդ պահել այդ արձանագրությունները ու վավերացնել երբ իրեն հարմար է»: Նա ընդգծեց, որ այդ փաստաթղթերը կյանքի կոչելու որևէ առաջխաղացում չի երևում: Այդ պայմաններում 2018-ի գարնանը Հայաստանը թուրք-հայկական արձանագրությունները «անվավեր՚ կճանաչի` ասաց Սարգսյանը:


Թուրքիայի քաղաքական իրավիճակը հազիվ թե թույլ տա մինչև 2018-ի գարնանը որևէ առաջընթացի հասնել Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների հարցում: Այդ դեպքում 5 ամիս հետո այդ փաստաթղթերը հայկական կողմը անվավեր կճանաչի: Արձանագրությունները` երկու երկրների միջև ստորագրված միակ համատեղ փաստաթուղթը 1921-ի Կարսի պայմանագրից հետո, իրոք կարևորագույն հիմք էին թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման համար: Հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորումը կհետաձգվի մինչև ՙլավագույն ժամանակներ՚: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը գնահատվում էր իբրև Թուրքիայի հասարակական ժողովրդավարացման գործընթացի անհրաժեշտություն: Ժողովրդավարացման փաստարկներից մեկը այդ իրավիճակի կարգավորումն էր, որը սառը պատերազմի հետևանք է, իսկ մյուսը Թուրքիայի պատմական հասարակական համաձայնությունն էր իր տարածքում ապրող քրդական ծագումով քաղաքացիների հետ: Այդ կետերից որևէ մեկը հիմա չկա օրակարգում: Այս պայմաններում առավել ամրապնդվում է տեսակետը, որ Թուրքիայի օրակարգից անհետացել է բուն ժողովրդավարացումը: Եվ ուժեղանում է տեսակետը, որ հետայսու կարգավորման համար անհրաժեշտ է սպասել Թուրքիայի ժողովրդավարացմանը:
Հայաստանը սխալ կանի արձանագրություններն անվավեր ճանաչել` դա Թուրքիային հնարավորություն կտա պնդել, որ Հայաստանն է արձանագրությունները անվավեր ճանաչած, ուրեմն և կարգավորման գործընթացը կասեցրած կողմը: Իսկ Թուրքիան, եթե նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում կարողանա Հայաստանին քավության նոխազ դարձնել, հետագայում, երբ կարգավորման գործընթացը նորից հայտնվի օրակարգում, կկորցնի այդ փաստաթղթերին վերադառնալու հնարավորությունը: Նոր բանակցություններում, որ այդ դեպքում 0-ից կսկսվեն, ծայրահեղ դժվար կլինի նորից հասնել արձանագրությունների շնորհիվ ստացած առավելություններին:


Կարճաժամկետ, կարճատես, հուզական ու հետադիմական նկատառումների ազդեցությամբ ընդունված արտաքին քաղաքական որոշումները, որպես կանոն, բացասաբար են ազդում միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարների վրա: Եթե այս դիրքորոշումը պահպանվի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, որ ուր որ է աղբաման կնետվեն, Թուրքիայի վերջին կորուստը չեն լինի:
ՈՒնալ ՉԵՎԻԿՅՈԶ, Hürriyet


Հ.Գ. Լավ, բայց ի՞նչ է առաջարկվում: Փաստորեն` սպասել Թուրքիայի ժողովրդավարացմա՞նը, որ Էրդողանի նախագահությամբ հստակ հետընթաց է արձանագրում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Հույս ունենալ, որ բռնությունների, ձերբակալությունների, «զուգահեռ պետության»` Գյուլենի դեմ պայքարի մթնոլորտում 2018-ին Էրդողանը չի՞ ընտրվի նախագահ ու իրավիճա՞կ կփոխվի։ Հազիվ թե: Թուրքիայի օրակարգում թուրք-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատում չկա։ Աբդուլլահ Գյուլի Թուրքիան ուրիշ պետություն էր, բայց անգամ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ նորմալ հարաբերություններ ունեցող, քրդական ներկա խնդիրները չունեցող, Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողությունների մեջ չխրված Թուրքիան տրվեց Ադրբեջանի սադրանքին ու նախապայմաններ դրեց: 10 տարին բավարար ժամանակ է` չվավերացված արձանագրությունները աղբամանը նետելու, բայց դա էլ պետք է անել այնպես, որ 0-ից սկսելիս առավելություն ունենաս դու, ոչ թե գործընթացի մյուս մասնակիցները: Դիվանագիտությունը դա է: Վավեր դիվանագիտությունը, իսկ անվավեր հայտարարելը արդեն դիվանագիտություն չէ, քաղաքականություն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ